ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարդկանց թրաֆիկինգի մասին 2007թ. զեկույցի հրապարակումից ի վեր ՀՀ կառավարությունը նվազագույն առաջընթաց է ունեցել մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի իր աշխատանքներում: Հարկ է հատկապես հիշատակել, որ քայլեր չեն ձեռնարկվել թրաֆիկինգին առնչվող կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Կառավարությունը շարունակել է քրեական հետապնդում իրականացնել, հետաքննել ու դատապարտել թրաֆիկինգ իրականացնողներին` առաջնորդվելով երկրի հակաթրաֆիկինգային օրենսդրությամբ: Գլխավոր դատախազությունը կանոնավոր կերպով իր կայքում զետեղում է հանցավորության մասին հաղորդումներ, որոնք պարունակում են վիճակագրական ու մանրամասն տվյալներ թրաֆիկինգին առնչվող հանցագործությունների վերաբերյալ: Կառավարությունը շարունակել է քայլեր չձեռնարկել մարդկանց թրաֆիկինգին առնչվող պաշտոնեական հանցակցության առնչությամբ ու գործուն կերպով չի հետաքննում ու չի իրականացնում քրեական հետապնդում մարդկանց թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի մասով:
Պետական գերատեսչությունները թրաֆիկինգի ավելի շատ զոհերի են ուղղորդել դեպի զոհերին աջակցող համապատասխան հասարակական կազմակերպություններ, սակայն հակաթրաֆիկինգային հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել: Կառավարությունը դեռ չի մշակել ուղղորդման ազգային մեխանիզմ, չնայած 2007թ. հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ: 2007թ. դեկտեմբերին Կառավարությունը հավանություն տվեց 2007-2009թթ. ընթացքում մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրին, ու բարձրացվեց հակաթրաֆիկինգային միջգերատեսչական հանձնաժողովի կարգավիճակը` դառնալով փոխվարչապետի նախագահությամբ գործող հակաթրաֆիկինգային նախարարական խորհուրդ: Կառավարությունը մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել պետության խնամքին հանձնված ծնողազուրկ երեխաների համար, որոնք հանդիսանում են առավել խոցելի խմբերից մեկը: 2007թ. սեպտեմբերին Արտաքին գործերի նախարարությունը մեկ միջազգային կազմակերպության հետ համատեղ անցկացրել է հակաթրաֆիկինգային իրազեկման սեմինար, որին հաջորդել են հաղորդումներ լրատվամիջոցներում` պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
|