|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
26 հունիսի, 2008թ.
Մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով ամերիկյան պաշտոնյայի այցը Հայաստան 23-25 հունիսի, 2008թ.
Ս.թ. հունիսի 23-25-ը Հայաստանում էր գտնվում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Դեյվիդ Կրամերը: Այցի նպատակն էր քննության առնել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ասպարեզում տիրող ընթացիկ իրավիճակը Հայաստանում և, մասնավորապես, հնչեցնել Միացյալ Նահանգների մտահոգությունները վերջերս տեղ գտած ժողովրդավարական ընկրկումների վերաբերյալ` կապված փետրվարի նախագահական ընտրությունների, մարտի 1–ի և 2-ի դեպքերի ու դրանց շարունակվող հետևանքների հետ:
Փոխքարտուղար Կրամերն այցի շրջանակում հանդիպումներ ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, մարդու իրավունքների ոլորտի տարբեր ակտիվիստների, պ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի, մամուլի տարբեր ներկայացուցիչների, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, քաղաքական ընդդիմության տարբեր ներկայացուցիչների ու կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստների ազգականների հետ: ԱՄՆ դեսպանատանը նաև անցկացվեց ընդունելություն փոխքարտուղար Կրամերի պատվին` պետական այրերի, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու ՀՀ-ում տարբեր եվրոպական երկրների դեսպանների մասնակցությամբ:
Քննարկումներում փոխքարտուղար Կրամերն անդրադարձավ հարցերի բավականին լայն ընտրանու: Մասնավորապես` նա հորդորեց ՀՀ իշխանություններին շուտափույթ նախաձեռնել մի շարք քայլեր, որոնք կօգնեն Հայաստանը վերադարձնել դեպի ժողովրդավարական ուղի. դրանք են ա) հանրահավաքների ու մամուլի ազատության լիակատար վերականգնումը, բ) քաղաքական տեսակետների արտահայտման համար կալանավորված ընդդիմության ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակումը, գ) մարտի 1–ի և 2-ի դեպքերի լուրջ, արժանահավատ ու անկախ հետաքննության անցկացումը, այդ թվում և 10-ը զոհերի փաստի հետաքննությունը և դ) իշխանությունների կողմից իրական քաղաքական երկխոսության ծավալումը քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ: Այս նպատակով, փոխքարտուղար Կրամերը թե իշխանությունների, թե քաղաքական ընդդիմության հետ իր հանդիպումներում հորդորեց զերծ մնալ անառողջ հրապարակային հայտարարություններից, որոնք խոչընդոտում են երկխոսության հեռանկարներին:
Փոխքարտուղար Կրամերն իշխանություններին հորդորեց նաև թույլատրել Ա1+ հեռուստաընկերության վերադարձը եթեր և անհապաղ կանխել հակասեմականության դրսևորումները, որ վերջերս նկատվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ու այլ լրատվամիջոցներում:
Հարավային Կովկաս իր այցելության ընթացքում փոխքարտուղար Կրամերը կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան:
# # #
|