Մամուլի ազատությունը Հայաստանում
Մայիսի 3-ին միջազգային հանրությունը տոնում է Մամուլի ազատության միջազգային օրը: Այս առիթով Միացյալ Նահանգները կարևորում է ազատ մամուլի նշանակալի ներդրումը ժողովրդավարության կայացման ասպարեզում ու տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհողությունների գնով ձգտում են ձևավորել անկախ մամուլ Հայաստանում ու այլուր: Մամուլի ազատությունը կուռ քաղաքացիական հասարակության ու առողջ ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է: Անկախ լրատվամիջոցները իրազեկում ու կրթում են հանրությանը, վերահսկում իշխանությունն ու իշխանության չարաշահումը: Քաղաքացիները պետք է ինքնաարտահայտման հնարավորություն ունենան, կարողանան վիճարկել տարբեր գաղափարներն ու ենթադրությունները: Լրատվամիջոցը, որ պետությունից կախման մեջ չի գտնվում, գաղափարների ազատ արտահայտման ու մրցակցության հնարավորություն է բացում, ինչով էլ հենց պայմանավորված է ժողովրդավարությունը:
Հայաստանում ժողովրդավարության աճի համար անհրաժեշտ է առավել ազատ ու անկախ մամուլի կայացումը: Այս ճակատում Հայաստանի առաջընթացի համար կարևոր փորձություն կլինեն 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունները: Ընտրությունների ազատությունն ու արդարացիությունը չի գնահատվում սոսկ քվեարկության օրվա միջոցով, այլ ներառում է նախորդող օրերն ու ամիսները: Հայաստանի բնակիչները երկրի առաջնորդների իրապես արդար ու ազատ ընտրություն կատարելու հնարավորություն կունենան միայն այն պարագայում, երբ լրատվամիջոցները նրանց մատուցեն անկողմնակալ տեղեկատվություն:
Հիմա, երբ միջազգային հանրության ուշադրությունն ուղղված է Հայաստանին, որը զարգացման այս կարևոր փուլն է թևակոխել, թե ՀՀ իշխանությունները, թե լրատվամիջոցները պետք է ստանձնեն առավել ազատ ու անկախ մամուլ ձևավորելու պատասխանատվությունը: Հեռուստաընկերությունները պետք է հնարավորություն ունենան հեռարձակել ընդդիմադիր, ինչպես նաև կառավարող դաշինքի ներկայացուցիչներին, լուսաբանել բոլոր հարցերը արդարացի կերպով` առանց հետևանքներից վախենալու: Միաժամանակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները պետք է ներկայացնեն աշխույժ բանավեճեր, որոնց ժամանակ բոլոր կողմերը արդարացիորեն կներկայացվեն, իսկ տպագիր լրատվամիջոցները պետք է հրապարակեն այնպիսի հոդվածներ, որոնք պայմանավորված չեն իրենց ֆինանսական հովանավորների քաղաքական շահերով: Վերջերս առաջընթաց է նկատվել ու մասնավորապես հեռուստաընկերությունների եթերում ներկայացվում են քաղաքական դաշտի տարբեր կողմերը ներկայացնող քաղաքական գործիչներին: Էական է, որ այս առաջընթացը շարունակվի ու առաջիկա ընտրությունների նախաշեմին այն չընկրկի:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին ազատ ու անկախ մամուլի ձևավորման հարցում: Մենք մշակել ենք ավելի քան 7 միլիոն դոլարի աջակցության մի ծրագրային փաթեթ, որն ուղղված է աջակցել Հայաստանին 2007 և 2008թթ. ընտրությունների ազատ ու արդարացի անցկացման հարցում: Այս ծրագրի բաղադրիչներից մեկը միտված է լինելու ազատ մամուլին, սակայն այս աջակցությունը կարող է լավագույնս կիրառվել միայն այն պարագայում, երբ Հայաստանը հավատարիմ է մնում ազատ մամուլի միջոցով ժողովրդավարության ամրապնդման իր պարտավորությանը: Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի 235 միլիոն դոլարի աջակցության ծրագրի համար փաստորեն պահանջվում է, որ Հայաստանը համապատասխանի «արդարացի կառավարման» չափանիշին, որի մի մասը կազմում է մամուլի ազատությունը:
Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ժողովրդավարայնացման ասպարեզում կատարած նշանակալի ներդրման համար Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում: Ես միաժամանակ կոչ եմ անում իշխանություններին, լրատվամիջոցներին ու Հայաստանի ժողովրդին անել հնարավոր ամեն ինչ ամրապնդելու ազատ ու անկախ մամուլը հանուն ազատության ու ժողովրդավարության:
Ջոն Մ. Էվանս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
|